Փետրվարի 19-ին Բուդապեշտում ադրբեջանցի զինվորականի կողմից կատարված հանցագործությունը պաշտոնական Բաքվի սանձազերծած հակահայկական հիստերիայի տրամաբանական հետեւանքն է: Այդ մասին ասվում է Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովին ուղղված բաց նամակում, որով հանդես է եկել այսօր «Նիկոլայ Աղաբալյան» ուսանողական միությունը ՀՅԴ կուսակցության երիտասարդական թեւի հետ համատեղ: Պաշտոնական Բաքվի նման քաղաքականությունը անցել է սահմանը, որի արդյունքում Ադրբեջանի ներկայացուցիչներն արտասահմանում կարող են սառնաստորեն ոճիր գործել, նշվում է ուղերձում: Վերջին տասնամյակի ընթացքում հայերը շատ թանկ են վճարել` Ադրբեջանին վստահելի ցույց տալու ուրիշների փորձերի համար եւ այդ փուչ փորձերը պետք է անմիջապես դադարեցնել, գտնում են նամակի հեղինակները: «Ժամանակն է, որ բոլորն ընդունեն. Ադրբեջանին չի կարելի վստահել»,- ասվում է նամակում:





