AM
27 Փետրվար 2004 - 14:37 AMT

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱՂՔԱՏՈՒԹՅԱՆ ՄԱԿԱՐԴԱԿԻ ԿՐՃԱՏՈՒՄ Է ՆԿԱՏՎՈՒՄ, ՀԱՅՏԱՐԱՐԵԼ Է USAID-Ի ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉԸ

Վերջին երկու տարիների ընթացքում Հայաստանում աղքատության մակարդակի հետզհետե նվազում է նկատվում: Այս մասին հայտարարել է ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության (USAID) երեւանյան գրասենյակի տնօրեն Քեյթ Սիմոնսը, ելույթ ունենալով այսօր Հայաստանի ազգային վիճակագրական ծառայության եւ Հայաստանում սոցիալական բարեփոխումների ծրագրի կողմից պատրաստված «Սոցիալական վիճակ եւ աղքատություն» զեկույցի շնորհանդեսին: «Մենք բավարարված ենք այդ հանգամանքով եւ մտադիր ենք ակտիվացնել համագործակցությունը Համաշխարհային բանկի, Արժույթի միջազգային հիմնադրամի եւ այլ միջազգային ֆինանսական կազմակերպությունների հետ` Հայաստանում աղքատության մակարդակի հետագա կրճատման նպատակով»,- ասել է Ք.Սիմոնսը: Նրա կարծիքով` Հայաստանում աղքատության մակարդակի կրճատման վրա ազդել են հետեւյալ գործոնները. տնտեսական աճ, ներդրումների ներգրավում եւ հասցեագրված սոցիալական ծրագրեր: Ներկայացված զեկույցի համաձայն, 2002 թվականին աղքատության մակարդակը Հայաստանում կազմել էր 49,7%: