Փետրվարի 26-ի երեկոյան Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի արեւելյան հատվածում, Բաշ Քարվենդ բնակավայրի մոտ վնասազերծվել է ղարաբաղյան ուժերի վերահսկողության տակ գտնվող տարածքում հայտնված ադրբեջանական դիվերսիոն հետախուզական խումբը: Ինչպես տեղեկացրել են ԼՂՀ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունում, ինտենսիվ հրաձգության արդյունքում սպանվել է դիվերսիոն խմբի մեկ եւ վիրավորվել մի քանի անդամներ: Նահանջելով` դիվերսանտներն իրենց հետ տարել են վիրավորներին, թողնելով սպանվածին: ԼՂՀ պաշտպանության բանակի ստորաբաժանումները կորուստներ չեն կրել: Լեռնային Ղարաբաղի իշխանությունները պատահարի մասին տեղեկացրել են Ստեփանակերտում գործող ԵԱՀԿ եւ Կարմիր Խաչի Միջազգային Կոմիտեի (ԿԽՄԿ) գրասենյակները: ԼՂՀ ռազմագերիների եւ պատանդների հարցերով պետական հանձնաժողովը բանակցություններ է վարում ԿԽՄԿ-ի հետ` սպանվածի մարմինն ադրբեջանական կողմին փոխանցելու վերաբերյալ:





