Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցային գործընթացը փաստորեն փակուղի է մտել, քանի որ նախկինի պես ոչ Հայաստանը, ոչ Ադրբեջանը չեն ցանկանում զիջումների գնալ: Այս մասին ռուսաստանյան «Նովոստի» լրատվական գործակալությանը հայտարարել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուսաստանյան համանախագահ, ՌԴ ԱԳՆ հատուկ հանձնարարություններով դեսպան Յուրի Մերզլյակովը: «Ակնհայտ է, որ հիմա իրավիճակն այնպիսին է, որ կողմերը քարացել են իրենց դիրքորոշումների վրա, չկա բացարձակապես ոչ մի շարժում», – նշել է նա: Մերզլյակովի խոսքերով` միակ այլընտրանքը կողմերի միջեւ գոնե որեւէ բանակցությունների հաստատումն է: «Որպեսզի այն հրապարակային չլինի, այլ հնարավորություն ընձեռնի քննարկել եւ որոշել հարցերի շրջանակը, որոնց շուրջ կողմերը պատրաստ են գոնե ինչ-որ բանի մասին խոսել: Դեռեւս նման բան չկա: Ընդհանրապես օրակարգ չկա», – ասել է ՌԴ ԱԳՆ դեսպանը: Միեւնույն ժամանակ, նա չի բացառել մոտ ժամանակներս հանդիպելու հնարավորությունը, կարող է, արտաքին գործերի նախարարների մակարդակով: «Հուսով ենք, որ կհաջողվի ինչ որ հարցեր ընտրել` երկու-երեք, որոնց միջոցով հնարավոր լինի շարունակել երկխոսությունը»,- հաղորդել է Մերզլյակովը: Հիշեցնենք, որ նախօրեին Ժնեւում ղարաբաղյան կարգավորմանն առնչվող հատուկ հանդիպում է անցկացվել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների, Հարավային Կովկասի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Հեյկի Թալվիթիեի, ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկի, ինչպես նաեւ Հայաստանի եւ Ադրբեջանի արտաքին գործերի փոխնախարարներ Թաթուլ Մարգարյանի եւ Արազ Ազիմովի մասնակցությամբ: Հանդիպման մասնակիցների խոսքերով` այստեղ կողմերն ավելի խստորեն են ձեւակերպել իրենց դիրքորոշումները քան նախկինում:





