AM
15 Մարտ 2012 - 14:15 AMT

Ոստիկանությունը խուսափո՞ւմ է Մաշտոցի պուրակում տեղի ունեցածին իրավական գնահատականներ տալուց

Այսօր առավոտյան ՀՀ ոստիկանությունը տարածել էր հաղորդագրություն, որում նշվում էր՝ «վրանների կամ այլ նմանատիպ առարկաների տեղադրումը հասարակական վայրերում արգելված է»: Ո՞ր օրենքով կամ նորմատիվ ակտով է դա արգելվում: PanARMENIAN.Net-ի թղթակիցը փորձել է պատասխանը ստանալ Ոստիկանության տեղեկատվական վարչությունից:

«Եկեք խուսափենք իրավական գնահատական տալուց, քանի որ առաջիկայում կազմակերպվելու է կլոր սեղան քննարկում, որին մասնակցելու են ինչպես միջադեպին տարբեր գնահատականներ տված կազմակերպություններն ու ՀԿ-ները, այնպես էլ ոստիկանության ներկայացուցիչները»,- ասաց Հայաստանի ոստիկանության մամլո խոսնակի օգնական Արմեն Մալխասյանը: Քննարկումը տեղի կունենա առաջիկա օրերին, իսկ թե լրագրողների համար բաց է, թե՝ ոչ, դեռևս հայտնի չէ:

Ոստիկանությունը տարածել էր հայտարարություն երեկ երեկոյան Մաշտոցի պուրակում տեղի ունեցած միջադեպի հետ կապված. «ՀՀ ոստիկանությունը լիազորված է հայտարարել, որ վրանների կամ այլ նմանատիպ առարկաների տեղադրումը հասարակական վայրերում արգելված է, և ոստիկանության կողմից հանդուրժվել է սոսկ իրավիճակի անհարկի սրումը կանխելու նկատառումներով: Մարտի 14-ին, ժամը 21.30-ի սահմաններում, ՀՀ ոստիկանությունը վրանում գտնվող քաղաքացիներին պահանջ է ներկայացրել ապամոնտաժել վրանը: Պահանջը չի կատարվել, որից հետո ՀՀ ոստիկանությունն իր ուժերով ապամոտաժել է այն»: Իսկ պուրակի ակտիվիստները պնդում են, որ իրենց չեն զգուշացրել և վրանը հանել են բռնի ուժի գործադրմամբ: