AM
16 Մարտ 2012 - 07:00 AMT

«Չենք լռելու». ՌՈ բերման են ենթարկվել մի խումբ զինվորների և դաժան ծեծի ենթարկվել

Զորամասերից մեկում դեռևս մեկ ամիս տեղի ունեցած ծեծկռտուքի պատճառով մարտի 14-ին ՀՀ ԶՈՒ Երևանի կայազորի Ռազմական ոստիկանություն բերման են ենթարկվել մի խումբ զինվորների և դաժան ծեծի ենթարկվել: Այս մասին հայտնում է «Չենք լռելու» նախաձեռնությունը: Հղում անելով հավաստի աղբյուրների վրա, նախաձեռնության անդամները գրում են, որ այդ «խուլիգանությանը» անմիջական մասնակցություն են ունեցել Երևանի կայազորի Ռազմական ոստիկանության պետ Ռ. Ներսիսյանը, քրեական հետախուզության բաժանմունքի պետ Հ. Ոփանյանը և քննչական բաժանմունքի հետաքննիչ Ա. Ավագյանը:

«Զինվորներից առավել մեծ վնասվածքներ է ստացել (դեմքի շրջանում) Արսեն անունով սևանցի մի երիտասարդ, որին «լռեցնելու» նպատակով, ծեծելուց հետո, ետ են տարել զորամաս, արձակուրդ ձևակերպել և, պահանջելով որևէ մեկին չպատմել կատարվածի մասին, տուն ուղարկել»,- նշվում է հայտարարության մեջ: Հատկանշական է, որ Արսենը մեկ ամիս առաջ տեղի ունեցած միջադեպի գործում է ներգրավվել զուտ որպես վկա: