ԱՄՆ կոնգրեսականների շնորհավորական ուղերձները Ստեփանակերտ` Ղարաբաղյան ազգային-ազատագրական շարժման տարեդարձի կապակցությամբ առաջացրել են ադրբեջանցի պատգամավորների բուռն վրդովմունքը: Ինչպես հայտարարել է խորհրդարանի անդամ Բահար Մուրադովան, ելույթ ունենալով նախօրեին Միլի Մեջլիսի գարնանային նստաշրջանի առաջին նիստի ժամանակ, հատկապես վրդովեցնում է այն, որ դա անում են այն երկրի բարձրագույն օրենսդիր մարմնի ներկայացուցիչները, որն իրեն համարում է Ադրբեջանի ռազմավարական գործընկերը: Մինչդեռ, նրա խոսքերով, Ադրբեջանը չի կարող հասնել նրան, որ ԱՄՆ-ն հայերին ճանաչի ագրեսոր: «Ուրեմն պետք է այնպես անել, որ հայերի բարեկամները չդառնան մեր հակառակորդները», -եզրակացրել է պատգամավորը: Ընդ որում, նա կոչ է արել պաշտոնական Բաքվին անել ամեն ինչ հայկական լոբբիի գործունեությունը չեզոքացնելու համար: Իսկ որպես սկիզբ Բ.Մուրադովան անհրաժեշտ է համարել բողոք հղել ԱՄՆ Կոնգրես:





