Վերջին շրջանում շատ է քննարկվում ու բարձրաձայնվում հայկական սերիալների «կրթող» ազդեցության հարցը:
Բռնություն, անօրինություններ, հանցավոր աշխարհի գովերգում, ինքնասպանություններ ու սպանություններ. այս ամենը սերիալների անբաժան մասն են կազմում: Գրեթե բոլոր սերիալներում կնոջ իրավունքները ոտնահարված են, իսկ կերպարը` ծայրահեղ ցածրացած: Կնոջը ծեծելը, հրապարակայնորեն նվաստացնելը և հայհոյելը դարձել են հայկական հեռուստասերիալների անբաժան ուղեկիցը` դիտող ընտանիքների ներսում նույնատիպ պահվածքը և վարվելակերպը դարձնելով սովորական, չդատապարտվող երևույթ:
Նման սերիալների շարքում է նաև «Արմենիա» հեռուստաալիքով շրջանառվող «Դժվար ապրուստ»-ը: Չնայած նրան, որ վերը նշված հեռուստասերիալի սցենարի հեղինակ Դիանա Գրիգորյանը հարցազրույցի ժամանակ պնդել է, որ հեռուստասերիալները չեն թողնում դաստիարակող ազդեցություն` վաղուց արդեն հայտնի է, որ հեռուստատեսությունը ազդեցության ամենահզոր գործիքներից է: Ավելին, հեռուստատեսությունը ներկայումս համարվում է նաև նոր սերնդին դաստիարակող գործոն: «Դժվար ապրուստ»-ը այն հեռուստասերիալներից է, որոնք ողողված են բռնություններով, բռնությունը քարոզող դրվագներով ու արտահայտություններով, և բռնության այդ դրսևորումները հիմնականում կիրառվում են կանանց և աղջիկների հանդեպ:
«Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության» կոալիցիան անդրադարձել է այս սերիալի խնդրին և կոչ է անում ձեռնարկել համապատասխան քայլեր վերը նշված և բոլոր մնացած հեռուստասերիալներում տեղ գտած բռնության երևույթների վերացման ուղղությամբ, իսկ առկայության դեպքում դատապարտել բռնությունը ոչ միայն բարոյական այլ նաև օրենքի ուժով` նպաստելով կին-տղամարդ առողջ հարաբերությունների մոդելի ներկայացմանը:





