Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց կաթողիկոսը մարտի 18-ին ցավակցական գիր է հղել Ղպտի Ուղղափառ եկեղեցու Սրբազան Սինոդին, հոգևորականությանը և ղպտի քրիստոնյաներին Ալեքսանդրիայի և Համայն Աֆրիկայի Պապ, Ղպտի Ուղղափառ եկեղեցու Շենուդա Գ պատրիարքի մահվան կապակցությամբ:
Պատրիարքական տեղապահ, Էլ Բեհեյրա Դամանհուրի Պախոմիուս միտրոպոլիտին ուղղված Հայրապետական ցավակցագրում ասվում է. «Արդարև, Ղպտի Ուղղափառ Եկեղեցին, ինչպես նաև ողջ քրիստոնյա աշխարհը կորցրեց «քաջ հովվի», ով ավելի քան չորս տասնամյակներ խորը և անմնացորդ նվիրումով իր հովվապետական առաքելությունն էր իրականացնում Քրիստոսի Սուրբ Եկեղեցում: Երջանկահիշատակ Շենուդա Գ Պատրիարքը մեծ նախանձախնդրությամբ և իմաստությամբ առաջնորդեց Ղպտի Ուղղափառ Եկեղեցին թե՛ դժվարին ու անհանգիստ, և թե՛ խաղաղ ժամանակներում: Նրա ջանքերի շնորհիվ Ղպտի Եկեղեցին վերածնունդ ապրեց: Մենք աղոթում ենք առ Բարձրյալն Աստված, որ երջանկահիշատակ պատրիարքի հոգին ընդունի Իր երկնային արաքայության մեջ, և թող Սուրբ Հոգին մխիթարություն պարգևի Ղպտի Ուղղափառ Եկեղեցու սպասավորներին ու հավատացյալ հոտին»:
Մարտի 20-ին, Շենուդա Գ Պատրիարքի հուղարկավորության արարողությանը կմասնակցի նաև Հայաստանյայց Առաքելական Ս. Եկեղեցու պատվիրակությունը, որի կազմում են Ֆրանսիայի հայոց թեմի առաջնորդ Տ. Նորվան արքեպիսկոպոս Զաքարյանը, Եգիպտոսի հայոց թեմի առաջնորդ Տ. Աշոտեպիսկոպոս Մնացականյանը և Ռումիանիայի հայոց թեմի առաջնորդ Տ. Տաթև եպիսկոպոս Հակոբյանը:
Մարտի 21-ին, ժամը 1600-ին, Մայր Աթոռ Ս. Էջմիածնում, նախագահությամբ Ամենայն Հայոց կաթողիկոսի, տեղի կունենա հոգեհանգստյան արարողություն՝Ղպտի եկեղեցու երանաշնորհ հովվապետի հոգու խաղաղության համար:





