AM
19 Մարտ 2012 - 14:02 AMT

Էդուարդ Շարմազանովը հիշեցրել է ԲՀԿ-ական քննադատներին, որ նրանք դեռ իշխանության մաս են կազմում

ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը կրկին անդրադարձել է ԱԳ նախկին նախարար Վարդան Օսկանյանի ելույթին «Բարգավաճ Հայաստան» կուսակցության համագումարում, որը խիստ քննադատության է ենթարկել գործող իշխանություններին: «ՀԱԿ-ը ընդդիմություն է, որը գոյություն ունի իշխանություններին քննադատելու համար, ընդ որում խիստ քննադատելու: Իսկ պարոն Օսկանյանն ի դեմս ԲՀԿ միացել է մի քաղաքական ուժի, որը 5 տարի շարունակ «Օրինաց երկրի» և ՀՀԿ հետ միասին պատասխանտու է եղել և պատասխանատու է բոլոր քաղաքական ու տնտեսական գործընթացների համար»,-ասել է նա:

Ըստ փոխխոսնակի, ցանկացած քաղաքական գործիչ պետք է ելույթից առաջ մտածի, թե որ քաղաքական ուժի համագումարում է հանդես գալու: «Եթե դահլիճից նրան չեն հուշել, որ նա իշխող կուսակցության անդամ է, ապա ես եմ նրան հերթական անգամ հուշում»,-ասել է նա:

Լրագրողների այն դիտողությանը, թե խիստ էր ոչ միայն Վարդան Օսկանյանի, այլ նաև ԲՀԿ այլ ներկայացուցիչների, այդ թվում Գագիկ Ծառուկյանի ելույթը, Շարմազանովն ասել է, որ իր խոսքերը բոլորին են վերաբերվում:

Ինչ վերաբերում է լրագրողների այն նկատառմանը, թե ԲՀԿ-ն կարծես թաքնված ընդդիմություն է ՀՀԿ-ին, ապա Շարմազանովն ասել է.«Ողջ աշխարհում կան ընդունված նորմեր՝ եթե դու ընդդիմություն ես, ապա գնա ընդդիմություն, եթե իշխանություն ես, ուրեմն մնում ես իշխանության շարքերում ու ջանասիրաբար աշխատում ես: Եթե քեզ ինչ-որ բան դուր չի գալիս, հայտարարում ես, որ այլևս համակարծիք չես իշխանությունների հետ ու դուրս ես գալիս»:

Նա հիշեցրել է, որ ԲՀԿ ստորագրությունը կա կոալիցիոն հուշագրի տակ, և որ ԲՀԿ անդամ նախարարները քվեարկել են պետբյուջեի ու բոլոր հիմնական օրենքների օգտին:

Շարմազանովը նաև մերժել է այն ենթադրությունները, թե ապագա խորհրդարանական ընտրություններում ՀՀԿ գլխավոր մրցակիցը լինելու է ԲՀԿ-ն: «Ի տարբերություն այլ քաղաքական ուժերի, մենք չենք գնում ընտրությունների «ընդդեմ» գաղափարախոսությամբ, մենք գնում ենք «հանուն» գաղափարախոսությամբ: Մենք պատրաստ ենք ազատ մրցակցել բոլոր քաղաքական ուժերի հետ, այդ թվում ԲՀԿ-ի»,-հայտարարել է նա: