ԱԻ նախարարությունը համագործակցում է ֆրանսիացի գործընկերների հետ, և այս համագործակցությունը շարունակական է լինելու: Այս մասին այսօր հայտնել է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը, ով ընդունել է Ֆրանսիայի PACA (Պրովանս-Ալպեր-Կոտ դ՛Ազուր) տարածաշրջանի պատվիրակությանը:
Նրա փաստմամբ`համագործակցությունը վերաբերում է ոչ միայն հրշեջ-փրկարարներին, այլև ԱԻՆ-ում ընդգրկված այլ ծառայություններին։ PACA տարածաշրջանի առաջին փոխնախագահ Պատրիկ Ալեմանն իր հերթին նշել է, որ ԱԻՆ-ի հետ համագործակցությունն ընդգրկում է բազմաթիվ ոլորտներ։ Դրանցից մեկը Հայաստանում կամավորական հրշեջ-փրկարարական ջոկատների ստեղծումն է։ ԱԻՆ-ից հայտնում են, որ «Քաղպաշտպանություն առանց սահմանների» կազմակերպությունը կաջակցի կամավորական ջոկատների ստեղծման հետ կապված բոլոր հարցերում։
Լոռու մարզում արդեն ակտիվորեն իրականացվում են կամավորական հիմունքներով հրշեջ-փրկարարական ջոկատների կազմավորման աշխատանքները։ Դրանց հիմքում կդրվեն Ֆրանսիական համանման կառույցներում կիրառվող կազմակերպման մոտեցումները:





