AM
20 Մարտ 2012 - 05:17 AMT

Ոստիկանությունը խանութներին մատուցում է վճարովի ծառայություններ

Երևանի բազմաթիվ խանութների վրա արդեն կարելի է տեսնել «Պահպանվում է ՀՀ Ոստիկանության պետական պահպանության վարչության կողմից» գրությամբ ցուցանակներ: Պարզվում է, որ ՀՀ ոստիկանությունը պայմանագրային հիմունքներով իրականացնում է խանութների, պահեստների, գրասենյակների և այլ տարածքների պահպանություն: Պետական պահպանության վարչության կայքում նշվում է, որ ֆիզիկական պահպանությունը հաճախորդի ընտրությամբ իրականացվում է պահնորդական, ռազմականացված կամ ոստիկանական ստորաբաժանումների միջոցով` ֆիզիկական կամ տեխնիկական միջոցների օգնությամբ:

Երևանյան խանութներից մեկի տնօրեն Դավիթ Գրիգորյանը PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում նշեց, որ իրենք ընտրել են հենց ոստիկանության մատուցած անվտանգության ծառայությունները, քանի որ դա առավել վստահելի է. «Բնականաբար, ոստիկանության ցուցանակը մարդկանց ավելի զգոնություն և վստահություն է ներշնչում»:

Ինչպես PanARMENIAN.Net-ի թղթակցին ասաց ՀՀ ոստիկանության լրատվության վարչության պետի տեղակալ Արմեն Մալխասյանը, ծառայության դիմաց վճարումները համալրում են Ոստիկանության արտաբյուջետային ֆոնդը: