AM
20 Մարտ 2012 - 12:14 AMT

Ուսանող. Մենք խրախուսման ու անվանական կրթաթոշակների կարիք ունենք

«Կրթության ոլորտում ուսանողին խրախուսող ամեն նոր ծրագիր բարձրացնում է ուսման մեջ ձեռքբերումներ ունենալու հավանականությունը»,- այսօր Հայաստանի երիտասարդական հիմնադրամի կողմից կրթաթոշակի հավաստագրերի տրամադրման միջոցառման ժամանակ PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում նման կարծիք հայտնեց Երևանի գեղարվեստի պետական ակադեմիայի ուսանողուհի Նինա Շահինյանը:

Նա նշեց, որ մյուս տարի ևս ակնկալում է ընդգրկվել նման ծրագրերում.«Ցանկալի կլիներ, որ կրթաթոշակներ տրամադրվեին երկրորդ կուրսից բարձր ուսանողների ևս»:

Նինա Շահինյանը նաև առաջարկեց ՀՀ կրթության և գիտության նախարարությանը, բացի ուսման վարձերը զեղչող ծրագրից, կազմել այլ հետաքրքիր և օգտակար ծրագրեր ևս: «Ես նկարչուհի եմ և ինձ համար ցանկալի կլիներ մյուս տարի ստանալ հատուկ անվանակարգով կրթաթոշակ, օրինակ` նախկինում կար «Մարտիրոս Սարյանի անվան» հատուկ կրթաթոշակ, ՀԵՀ-ին և Հայաստանի կրթության և գիտության նախարարությանը կոչ եմ անում մտածել նման ծրագրերի մասին ևս»,-նշեց ուսանողուհին: Նա կարևորեց նաև նմանօրինակ ծրագրերի մասին ուսանողությանն իրազեկելու հանգամանքը` բոլոր հնարավոր միջոցներով:

Հայաստանի երիտասարդական հիմնադրամն այսօր կրթաթոշակի հավաստագրեր է տրամադրել պետական բուհերի առկա ուսուցման առաջին և երկրորդ կուրսերի անվճար համակարգում չընդգրկված 750 ուսանողի: Ծրագրի իրականացման համար ՀՀ կառավարությանը հիմնադրամին է տրամադրել 60 մլն դրամ: Այս ծրագիրը կրթաթոշակ է սահմանում բարձր առաջադիմություն ունեցող և սոցիալապես անապահով ընտանիքների ուսանողների համար: Այս տարի անցած տարվա համեմատ հանրապետության պետական բուհերից դիմել է 1000-ով ավելի ուսանող՝ 1800 հոգի: Կրթաթոշակի արժանացած 750 ուսանողներից 90-ը մարզերի բուհերից են: