AM
21 Մարտ 2012 - 09:16 AMT

Բրյուսովի անվան համալսարանն ազդարարեց Ֆրանկոֆոնիային նվիրված միջոցառումների սկիզբը

Մարտի 21-ին Վ. Բրյուսովի անվան Երևանի պետական լեզվաբանական համալսարանում կայացավ Ֆրանկոֆոնիայի ամսվա շրջանակում կազմակերպվող միջոցառումների բացման հանդիսավոր արարողությունը: Միջոցառումը նվիրված էր նաև ԲՈՒՀ-ում ֆրանսերենի ամբիոնի հիմնադրման 75-ամյակին:

Բացման արարողությանը Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Անրի Ռենոն ասաց. «Բրյուսովի անվան համալսարանն առաջին հերթին առանձնանում է այն հորիզոններով, որ կազմակերպում է միջոցառումներ ոչ միայն գիտական, այլև ֆրանկոֆոնիայի ողջ սահմաններով և հաջողության հասել միջազգային համագործակցության շնորհիվ»:

Միջոցառումից առաջ բուհի ֆրանսերեն լեզվի ամբիոնի դասախոս Վահան Զաքարյանը PanARMENIAN.Net ին տված հարցազրույցում նշեց, որ ամբիոնը տարվա կտրվածքով բազմաթիվ միջազգային և հանրապետական միջոցառումներ է անցկացնում, սակայն շատ են կարևորում Ֆրանկոֆոնիան: «Ֆրանկոֆոնիայի միջազգային օրը կարծես կոնսոլիդացնում է ողջ աշխարհը և համախմբում ողջ ֆրանսախոս հանրությանը», նշեց դասախոսը:

1970 թին ստեղծվել է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության նախատիպ` Մշակութային և տեխնիկական համագործակցության ասոցիացիան: Որպես ֆրանկոֆոնիայի օր է ընտրվել մարտի 20-ը:

Ֆրանկոֆոնիան, որպես շարժում, միավորում է 75 պետություն, որոնցից 56-ը ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության անդամ երկրներ են, 19-ը` դիտորդներ: Այդ կազմակերպության հովանու ներքո տոնվում են Ֆրանկոֆոնիայի օրերը, շաբաթները և ամիսները:

Հայաստանը Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությանը միացել է 2008 թ-ին: Այս տարի Կինշասայի գագաթաժողովին երկրին շնորհվելու է լիիրավ անդամի կարգավիճակ:

Հայաստանում Ֆրանկոֆոնիայի միամսյակի միջոցառումները սկսվել են մարտի 16-ին, Բիզեյի «Կարմեն» օպերայի համերգային կատարմամբ: Պաշտոենապես միամսյակն ավարտվելու է ապրիլի 13-ին: