Հարավային Կովկասում Սուրբ Աթոռի առաքելական նվիրակ արքեպիսկոպոս Մարեկ Սոլչինսկին այսօր իր հավատարմագրերն է հանձնել նախագահ Սերժ Սարգսյանին: Ինչպես հայտնում են ՀՀ նախագահի մամուլի գրասենյակից` Սերժ Սարգսյանը մեծապես կարևորել է Վատիկանի դերը ոչ միայն քրիստոնեական աշխարհի համախմբման գործում, այլև ամբողջ աշխարհում մարդու իրավունքների, հանդուրժողականության, խաղաղության պահպանման հարցում:
Նախագահը շնորհավորել է Սուրբ Աթոռի առաքելական նվիրակին պաշտոնն ստանձնելու կապակցությամբ և համոզվածություն հայտնել, որ արքեպիսկոպոսն իր գործունեությամբ կնպաստի Հայաստանի և Վատիկանի միջև հարաբերությունների առավել խորացման ու ամրապնդման գործին:
Հանրապետության ղեկավարը շնորհակալություն է հայտնել Վատիկանին՝ 2000թ. Հայոց ցեղասպանության ճանաչման համար, ընդգծելով, որ այդպիսով Սուրբ Աթոռն իր ներդրումն ունեցավ հետագայում մարդկության դեմ նման հանցագործությունների կանխարգելման գործում:
Սերժ Սարգսյանը բարձր է գնահատել նաև ՀՀ սահմաններից դուրս հայկական հուշարձանների ու խաչքարերի պահպանման խնդրում Սուրբ Աթոռի դիրքորոշումն ու երախտագիտություն հայտնել այդ հարցում աջակցության համար:





