Միխաիլ Սահակաշվիլին անհրաժեշտ է համարում հայկական սփյուռքի ավելի խորը ինտեգրումը Վրաստանի տնտեսական, քաղաքական եւ մշակութային կյանքին: Այդ մասին երեկ Երեւանում հայտարարել է Վրաստանի նախագահը լրագրողների հետ հանդիպման ընթացքում: Նրա խոսքերով, Վրաստանում բնակվող հայերը իրենց պետք է երկրի լիիրավ անդամներ զգան` հավասար հնարավորություններ ունենալով պետական ծառայության, տնեսության բոլոր ոլորտներում եւ կրթություն ստանալու հարցում: «Պետք է ապաբյուրոկրատացնել իրավիճակը, որպեսզի հարցերը տեղում լուծվեն, ստեղծվեն տեղական կոոպերատիվներ, որպեսզի մարդիկ աշխատանք ստանան»,-ասել է Վրաստանի ղեկավարը: Նա «աննորմալ» է համարել այն իրավիճակը, երբ Ախալքալաքում այսօրվա դրությամբ միակ աշխատատուն հանդիսանում է ռուսական ռազմակայանը: Ինչ վերաբերում է Ջավախքի քաղաքական կարգավիճակի փոփոխման պահանջներին, «ապա այդ հարցերը լուծվում են բացառապես երկրի ներսում, ասել է Սահակաշվիլին: «Կայունությունը արհեստականորեն պայթեցնելու ցանկացած փորձ, առաջին հերթին, դատապարտված է, քանի որ Հայաստանը ունի նախագահ, որը հիանալի հասկանում է կայունության եւ խաղաղության նշանակությունը, եւ երկրորդը` ուղղակի հղի է այնպիսի ողբերգությամբ, որ ես ոչ ոքի խորհուրդ չեմ տա նույնսիկ մտածել այդ մասին»,- հայտարարել է նա: Միեւնույն ժամանակ նախագահը նշել է, որ չի ողջունում քննարկումները այդ հարցի շուրջ ոչ Վրաստանում, ոչ էլ միջազգային մակարդակով:





