
👨🏻🎨 2014-ին Գերմանիայում աճուրդային տանը վաճառքի հանվեց XVII դարի նիդերլանդական դպրոցի անանուն մի կտավ: Այն ներկայացվում էր որպես հին, բայց ոչ բացառիկ աշխատանք՝ «Նիդերլանդական դպրոց, XVII դարի կեսեր» ձևակերպմամբ։ Արդյունքում կտավը վաճառվեց 1.5 միլիոն եվրոյով։ Ու միայն տարիներ անց պարզ դարձավ, որ այս կտավն իրականում կրոնական հանդուրժողականության շուրջ բանավեճերի, այդ ժամանակների հախուռն Եվրոպայի ու բազմաթիվ այլ, թաքնված շերտերի մասին էր։ Ռեմբրանդի այս կտավը կոչվում է «Թու՛յլ տվեք այդ մանուկներին գալ ինձ մոտ»։ Այն պատկերում է Նոր Կտակարանի այն դրվագը, որտեղ մարդիկ իրենց երեխաներին բերում են Հիսուսի մոտ, իսկ աշակերտները փորձում են նրանց հետ պահել։ Հիսուսը հանդիմանում է աշակերտներին և ընդունում երեխաներին: Սյուժեն արվեստում նոր չէր, բայց ժամանակը ցույց տվեց, որ Ռեմբրանդի պատկերած տեսարանը պարզ, կանոնավոր և բարեպաշտական կոմպոզիցիա չէր։ Այս կտավի շուրջ վերականգնողական աշխատանքները հիմնովին փոխեցին մասնագետների պատկերացումը։ Կտավից հեռացվեցին ուշ շրջանում արված շերտերն ու պարզ դարձավ, որ կենտրոնական կերպարներից մեկը սկզբում պատկերված է եղել թյուրբանով: Հետագայում անհայտ մի ձեռք՝ գուցե այլ նկարիչ, կամ կտավի հետագա սեփականատերերից մեկի պատվերով աշխատած վարպետ, այդ թյուրբանը փոխարինել էր ավանդական հոլանդական փափուկ գլխարկով։ Ակնհայտ է, որ այս փոքր թվացող փոփոխությունն իրականում ամբողջ տեսարանի իմաստն էր փոխում։ Թյուրբանը կերպարին դարձնում էր այլ մշակույթի, կրոնի կամ առնվազն այլ աշխարհագրական միջավայրի ներկայացուցիչ։ Բայց Ռեմբրանդին «գրաքննության ենթարկած» նկարիչը չէր սահմանափակվել միայն դրա «փոշիացմամբ»։ Նա նաև հագուստ էր ավելացրել մերկ երեխայի կերպարին։ Եվ ահա՝ կտավի վերականգնումը, փաստորեն, վերադարձրեց այն գաղափարական իմաստը, որը կտավը դարձնում էր անսովոր, բարդ և համարձակ։ #PAN-ը պատմում է Ռեմբրանդի կտավի, միջամտության և դրա հետևանքով անհետացած հստակ ձեռագրի ու ասելիքի մասին՝