
🖍️ Կարմիր արև, թիրախ, կապույտ երկնքի կամ լճի կտոր, ծիրաններ, օրորոց, գուցե երեխայի դեմք: Ի՞նչ է պատկերել Արշիլ Գորկին իր «Անվերնագիր» գծանկարում։ Հարցը, իհարկե, հռետորական է, ու այս համատեքստում գուցե երկրորդական կարևորության։ Գորկու այս ստեղծագործությունը վերջապես Հայաստանում է։ Ազգային պատկերասրահի «Արշիլ Գորկի․ Նյու Յորք – Երևան․ Նոր ձեռքբերում» ցուցահանդեսը դիտելու հնարավորությունը բաց թողնել պետք չէ։ Այդ առիթով #PAN-ը որոշել է զրուցել Հայաստանի ազգային պատկերասրահի ցուցահանդեսային բաժնի ղեկավար, այս ցուցահանդեսի համադրող Վիգեն Գալստյանի հետ։ Վստահեցնում ենք՝ հետաքրքիր բացահայտումներ կան թե այն արվեստասերների համար, որոնք արդեն իսկ հասցրել են դիտել ցուցահանդեսը, թե բոլոր նրանց, որոնք միայն կարդալուց հետո կորոշեն լրացնել բացը: Այժմ սա Գորկու առաջին և դեռևս միակ վերացական աշխատանքն է ոչ միայն Հայաստանի, այլև տարածաշրջանի թանգարաններում: Համադրողի հետ զրուցել ենք ցուցահանդեսի հիմնական գաղափարի, նաև Խորհրդային Հայաստանում, անկախության շրջանի Հայաստանում, ինչպես նաև սփյուռքում ստեղծագործած արվեստագետների ոգեշնչման մասին։ Փորձել ենք հասկանալ, ի վերջո՝ Գորկին հա՞յ արվեստագետ է, թե՝ հայկական արմատներով միջազգային արվեստագետ։ Ու անգամ անդրադարձել ենք այն որոշ մեկնաբանություններին, թե «իմ 5 տարեկան տղան էլ կարող էր այսպես նկարել»։ Այս մարդկանց համար Վիգեն Գալստյանն անակնկալ պնդում ունի՝ հինգ տարեկան երեխայի նման նկարելը չափազանց բարդ է։ Այսպիսով, ներկայացնում ենք բացառիկ հարցազրույց՝ բացառիկ ցուցահանդեսի մասին՝