
✌🏻 Մարզական մեծ հաղթանակներին հետևում է մարզասերների համար սովորական դարձած արարողությունը՝ հաղթողները բարձրանում են պատվանդան, ստանում ոսկե մեդալները։ Թիմի ավագը ստանում է գավաթն ու այն պահում գլխավերևում, լուսանկարիչներն էլ, նախապես զբաղեցրած դիրքերից, որսում են այն կադրը, որն ապրելու է խաղից շատ ավելի երկար։ Ու այս տեսարանը հասկանալու համար պարտադիր չէ ճանաչել թիմերին կամ նույնիսկ իմանալ, թե որ մրցաշարն է։ Մեկ դրվագն արդեն բավական է, որպեսզի հասկանանք, որ սա հաղթանակի պահն է։ Իրականում հաղթողին ամբոխից վեր բարձրացնելու այս միտումն արվեստի պատմության ամենահին վիզուալ ավանդույթներից մեկն է։ Մարզադաշտերում տեսախցիկների հայտնվելուց շատ ավելի վաղ արվեստագետներն արդեն մտածում էին, թե ինչ տեսք պետք է ունենա հաղթանակը։ Նրանք հաղթական ոգուն մարմին էին տալիս, կեցվածք ու շարժում պատկերում։ Հաղթողին բարձրացնում էին մյուսներից վեր, շրջապատում էին ծածանվող կտորներով, պսակներով, ամպերով կամ մարդկանց բազմությամբ։ Հին Հունաստանում մարմարե քանդակներն էին մարմնավորում հաղթանակը, հետո Վերածննդի նկարիչները հաղթողին առանձնացնում էին բազմության մեջ, շատ ավելի ուշ Օլիմպիական պաստառները հաղթանակի սպասումը տարածում էին միլիոնավոր մարդկանց շրջանում, իսկ լուսանկարչությունը նույն էմոցիաները ֆիքսում է մեկ ակնթարթում։ #PAN-ը պատմում է հաղթանակի արվեստի, Նիկե աստվածուհու և մի քիչ էլ Իսպանիայի հաղթանակի մասին`