AM
28 Մարտ 2012 - 14:44 AMT

Կարեն Անդրեասյան. Նույնիսկ ապօրինի գործողություններին չի կարելի հակազդել ապօրինությամբ

Այսօր Մաշտոցի պուրակում տաղավարների տեղադրման դեմ բողոքող բնապահպան ակտիվիստները բաց նամակ են հղել ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանին՝ տեղեկացնելով, որ մարտի 31-ին ապամոնտաժելու են կրպակները, նաև պահանջելով ապահովել կրպակներն ապամոնտաժող 10 քաղաքացիների ազատ մոտեցումը տաղավարներին` դրանց ապամոնտաժման աշխատանքները կատարելու համար, ապամոնտաժման աշխատանքների ժամանակ ապահովել հասարակական կարգի պահպանությունը և աշխատանքներ իրականացնող անձանց անվտանգությունը:

Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը նշում է, որ սեփական նախաձեռնությունները կարող են գնահատվել որպես ՀՀ օրենսդրության պահանջներին ուղղակիորեն հակասող գործողություններ` հանգեցնելով համապատասխան իրավական հետևանքների:

«Հնարավորինս աջակցելով Մաշտոցի պուրակում տաղավարների տեղադրման գործընթացում բնապահպան ակտիվիստների գործունեությանը և հայտնելով խնդրին համատեղ լուծումներ գտնելու պատրաստակամությունս` միևնույն ժամանակ դիմում եմ նախաձեռնության մասնակիցներին, որպեսզի զերծ մնան սեփական նախաձեռնությամբ մասնավոր իրավաբանական անձի պատկանող տաղավարների ապամոնտաժման գործողություններից»,-նշում է նա:

Պաշտպանը հորդորում է համաքաղաքացիներին շարունակել իրենց համոզմունքների և հայացքների համար պայքարը` բացառապես իրավական գործընթացների շրջանակներում և օրենքով չարգելված բոլոր միջոցներով: Մինչև տվյալ խնդրի վերաբերյալ առաջիկա շաբաթներին հանրությանը իր վերջնական իրավական գնահատականը ներկայացնելը, որպես ընդհանուր սկզբունք բոլոր իրավիճակների համար, Կարեն Անդրեասյանը անհրաժեշտ է համարում նշել, որ նույնիսկ ապօրինի գործողություններին չի կարելի հակազդել ապօրինությամբ: