AM
29 Մարտ 2012 - 08:39 AMT

ՀՀ գյուղնախարար. Կոոպերացիաների ստեղծմամբ մենք հետ չենք գնում դեպի կոլխոզները

«Հանրապետության նախագահի հանձնարարությամբ և կառավարության անմիջական հսկողության ներքո իրականացվող ծրագրերը նախորդ տարի տվեցին իրենց դրական արդյունքները, և 2011-ը կարողացանք, ամփոփել որոշակի դրական տեղաշարժով: Այդ առումով 2011-ի ձեռքբերումները պետք է ոգևորիչ լինեն և այս տարի աշխատենք կրկնապատկել ցուցանիշները»,- Արագածոտնի մարզպետարանում հրավիրված խորհրդակցության ժամանակ, որին ներկա էին Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանը, գյուղատնտեսության նախա-րարության պատասխանատու պաշտոնյաներ և մարզի համայնքների ղեկավարները, հայտարարեց ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը:

Որպես այս տարվա կարևոր ագույն խնդիր, նախարարը մատնանշեց գյուղացիների եկամուտների ավելացմանն ուղղված կառավարության աջակցության ծրագրերը, դրանց շարքում կարևորելով Համաշխարհային բանկի աջակցությամբ իրականացվող «Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման և մրցունակության» ծրագիրը, և հորդորելով տեղերում ճիշտ ներկայացնել կոոպերատիվների ստեղծման գաղափարը:

«Շատ դեպքերում թյուր կարծիք է տարածվում, թե կոոպերացիաների ստեղծմամբ մենք հետ ենք գնում դեպի նախկին կոլխոզներ: Մարդիկ պետք է հասկանան, որ դա իրականությանը չի համապատասխանում: Կոոպերացիաների մեջ ընդգրկվելով, մարդիկ միավորվում են գաղափարի շուրջ և իրենց որոշումների մեջ ազատ են, կարող են ցանկացած պահի դուրս գալ կոոպերացիայից: Պարզապես պետք է գիտակցեն, որ միասին ավելի հեշտ են լուծվում խնդիրները, ինչպես տեխնիկայի, պարարտանյութի, վառելիքի ու այլ պարագաների ձեռքբերման, այնպես էլ արտադրանքի իրացման հարցերում» նշեց նախարարը:

Երկրորդ գերակա խնդիրը նախարարը համարեց գյուղական համայնքներին գյուղատնտեսական տեխնիկայի մատակարարման մեխանիզմների կատարելագործումը, նշելով, որ այս պահին բանակցություններ են ընթանում ավելի մատչելի պայմաններով ձեռք բերելու և դրանք գյուղացիներին տրամադրելու ուղղությամբ:

Երրորդ գերակա ուղղությունը Եվրամիության պահանջներին համապատասխան սննդամթերքի անվտանգության օրենսդրական փոփոխությունների իրա-կանացումը և ընթացակարգերի սահմանումը համարվեց:

Նախարարը անդրադարձավ նաև ազոտական պարարտանյութի և դիզելային վառելիքի մատակարարմանը, նշելով, որ եղանակային վատ պայմանների պատ-ճառով ներկրումը մի փոքր ուշացել է, սակայն մինչև ապրիլի կեսը կավարտվի դրանց բաշխումը համայնքներին: Նա հիշեցրեց, որ պարարտանյութի մեկ պարկը համայնքներին կհասցվի 6000, իսկ դիզ.վառելիքի մեկ լիտրը` 350 դրամով, հավելելով, որ շուկայական և առաջարկվող գների տարբերությունը կսուբսի-դավորվի պետության կողմից: Նախարարը հորդորեց համայնքների ղեկավարներին` տեղերում առավել ակտիվացնել գումարների հավաքագրումն ու համապատասխան աշխատանք տանել, որպեսզի մարդիկ քաջատեղյակ լինեն դիզ.վառելիքի և պարարտանյութի ձեռքբերման գործընթացին:

Լսելով համայնքների ղեկավարների մտահոգությունը գյուղացիներից մթերվող կաթի գնի նվազման միտումի վերաբերյալ, նախարարն ասաց, որ խնդիրն իր մշտական ուշադրության ներքո է: «Անցյալ տարի մենք կարողացանք զգալիորեն բարձրացնել կաթի մթերման գինը` 80-100 դրամից հասցնելով 150-ի: Հիմա ևս պետք է թույլ չտանք այս հարցում կամայական մոտեցում ցուցաբերվի և գյուղացուց ավելի շատ օգուտ ստանա միջնորդը»- նշեց նա: