Եթե Թուրքիան բացի Հայաստանի հետ իր սահմանը, դա անհնարին կդարձնի Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորումը: Այդ մասին երեկ լրագրողներին է հայտարարել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը` մեկնաբանելով հայ-թուրքական սահմանի ապաշրջափակման նպատակով Եվրամիության եւ այլ ազդեցիկ երկրների կողմից աճող ճնշումը Անկարայի վրա: Ալիեւի խոսքերով, այդ դեպքում Հայաստանին խնդրի խաղաղ կարգավորմանը դրդելու շատ կարեւոր լծակ կկորցվի: «Դա կհանգեցնի բանակցությունների դադարեցմանը` դրանից բխող բոլոր տհաճ հետեւանքներով»,-ասել է նա: Միեւնույն ժամանակ Ալիեւը համոզվածություն է հայտնել, որ Թուրքիան, լինելով մեծ պետություն, տեղի չի տա ճնշմանը, քանի որ «ադրբեջանա-թուրքական եղբայրությունը ամենից բարձր է»:





