Երևանի քաղաքապետարանում տեղի է ունեցել աշխատանքային խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են ապրիլի 14-ի համաքաղաքային շաբաթօրյակի ու ծառատունկի նախապատրաստական աշխատանքներն ու այլ հարցեր:
Ինպես PanARMENIAN.Net-ին հաղորդում են Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից` շաբաթօրյակին ընդառաջ հանձնարարվել է այդ նպատակով բնակչությանն ապահովել անհրաժեշտ բոլոր գործիքներով:
Բնապահպանության վարչության պետին հանձնարարվել է սեղմ ժամկետում ավարտել ծաղկող թփերի ձեռքբերման և տնկման աշխատանքները:
Անդրադառնալով սեփական եկամուտների հավաքագրման գործընթացին և ցուցանիշներին` հանձնարարվել է ուշադրության կենտրոնում պահել աղբահանության վարձավճարների գանձման ընթացքը և բնակչությանն իրազեկել պարտադիր վճարումների մասին:
Համապատասխան օղակների համակարգողներին փոխանցելով քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարականը, Կամո Արեյանը նշել է, որ մինչև ապրիլի 7-ը ավարտեն մայրաքաղաքի գերեզմանատներ տանող ճանապարհների փոսալցման ու ճաքալցման աշխատանքներն ու խստորեն հետևեն դրանց կատարման ընթացքին:
Քննարկման ընթացքում խոսվել է նաև մայրաքաղաքում անօթևանների հաշվառման ու համապատասխան հաստատություններում տեղավորման ծրագրային աշխատանքների ընթացքին: Սոցիալական ապահովության վարչության պետը զեկուցել է, որ դեկտեմբերից մինչ օրս հայ-դանիական «Հանս Քրիստիան Կոֆոեդ» բարեգործական հիմնադրամ է տեղափոխվել և շուրջօրյա խնամքի տակ անցել 73 անօթևան:





