AM
2 Ապրիլ 2012 - 13:45 AMT

ՀԲ-ն խորհուրդ կտա հայ ֆերմերներին ինչպես դիմակայել կլիմայի փոփոխությանը

Այսօր ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն ընդունեց Երևանում գտնվող Համաշխարհային բանկի Հարավային Կովկասի երկրների գյուղատնտեսության ոլորտում կլիմայի փոփոխությանը հարմարվելու և այն մեղմելու ռազմավարությունների մշակման խմբի պատվիրակությանը` Նիկոլաս Ահուիսուսի գլխավորությամբ: Այն արդեն ներկայացրել է նախնական ուսումնասիրության արդյունքում կազմված զեկույցը «Հայաստանի հանրապետության կլիմայի փոփոխությունը և գյուղատնտեսությունը» թեմայով, և Հայաստան է ժամանել մասնակցելու վաղը Համաշխարհային բանկի, գյուղատնտեսության նախարարության և բնության պահպանության նախարարության նախաձեռնությամբ կազմակերպվող համաժողովին:

Համաժողովը նվիրված է Հայաստանի գյուղատնտեսության ոլորտում կլիմայի փոփոխությանը հարմարվելու և այն մեղմելու ռազմավարական ծրագրերի մշակմանը: Պատվիրակության կազմում էին միջազգային փորձագետներ Ջեյմս Նեմանը, Քեննեթ Ստրզեբեկը, Ջիտենդրա Սիրվաստավան և Համաշխարհային բանկի հայաստանյան գրասենյակի պատասխանատու Արուսյակ Ալավերդյանը:

Ողջունելով հյուրերին, նախարարը կարևորեց կլիմայական փոփոխությունների հետևանքով սպասվող իրավիճակներում Համաշխարհային բանկի կողմից Հայաստանին ցուցաբերվող ուշադրությունը և նշեց, որ ամենայն մանրամասնությամբ տեղյակ է ներկայացված զեկույցին ու պատրաստ է համակողմանի աջակցություն ցուցաբերել հաջորդ քայլերի համար, մասնավորապես օժանդակել ուսումնասիրությանն անհրաժեշտ Հայաստանի մի քանի ագրոէկոլոգիական գոտիների և մոդելային յոթ հիմնական մշակաբույսերի ընտրության գործին:

Ի պատասխան` պարոն Նիկոլաս Ահուիսուսը շնորհակալություն հայտնեց ջերմ ընդունելության համար, և տեղեկացրեց, որ ուսումնասիրությունների առարկա կարող է դառնալ նաև անասնապահության ոլորտը, իսկ ակնկալվող առաջիկա արդյունքները կլինեն այսպիսին`

-գյուղացիական տնտեսությունները կամ ֆերմերները կստանան Համաշխարհային բանկի մշակած խորհրդատվական ուղեցույցները, որով նվազագույնի կհասցվեն կլիմայափոխության արդյունքում ի հայտ եկած կորուստներն ու վտանգները,

-կնվազեցվեն ջերմոցային գազերի արտանետումները,

-կներկայացվեն առաջարկություններ ներդրումների վերաբերյալ:

Հանդիպման ավարտին նախարարը տեղեկացրեց որ, ստեղծվել է ծրագրի տեխնիկական հսկողության հանձնաժողով, որը կհամակարգի Համաշխարհային բանկի կողմից Հայաստանի Հանրապետությունում իրականացվելիք աշխատանքները, ինչպես նաև` տարածաշրջանային ծրագրի շրջանակներում աջակցության տրամադրման, ՀԲ-ի աշխատակիցների և միջազգային խորհրդատուների հետ համագործակցության ապահովման, վերջիններիս կողմից ներկայացված հաշվետվությունների քննարկման, ուսումնասիրությունների համար անհրաժեշտ տեղեկատվության տրամադրման գործընթացները: