«ԱՄՆ-ն հպարտանում է Հայաստանի հետ գործընկերությամբ ահաբեկչության դեմ պայքարում, այսօր Երեւանում հայտարարել է ԱՄՆ Եվրոպական հրամանատարության պլանավորման եւ քաղաքականության վարչության տնօրեն, գեներալ-մայոր Ջեֆրի Քոլերը: Նրա խոսքերով, մոտ ապագայում հայ զինծառայողները կմասնակցեն Իրաքի հետպատերազմյան վերականգնմանը: «Ներկայումս մենք քննարկում ենք Իրաքում հայ սակրավորների տեղակայման հարցը»,- ասել է գեներալը: Անդրադառնալով Երեւանում կայացած իր հանդիպումներին, Քոլերը հաղորդել է, որ Հայաստանի պաշտպանության նախարարի եւ Գլխավոր շտաբի պետի հետ քննարկել է հայ-ամերիկյան երկկողմ համագործակցության խնդիրները: «Մեզ որոշ ժամանակ է հարկավոր, որպեսզի ավելի լավ հասկանանք ՀՀ զինված ուժերի հնարավորությունները եւ պահանջները», – ասել է ամերիկացի գեներալը:





