Վերջին երեք ամիսների ընթացքում՝ շրջանառության ավելացման եւ պահանջարկի նոր հեռանկարների շնորհիվ գործարարների լավատեսության աճ է գրանցվել Գրանթ Թորնթոնի Միջազգային գործարար զեկույցում (40 երկրների 3,000 ընկերությունների շրջանում յուրաքանչյուր կիսամյակ անցկացվող հետազոտություն): Այնուամենայնիվ, այս լավատեսության հետ մեկտեղ, գործարարներն ավելի անվստահ են, քան անցյալ տարի՝ համաշխարհային տնտեսության խոցելի վիճակի պատճառով:
Բարելավումն ամենից ակնհայտ է Մեծ յոթնյակի (G7) տնտեսություններում, որտեղ լավատեսության ցուցանիշը 2011 թ. 4-րդ կիսամյակի -12%-ից 28%-ի ցատկ է կատարել՝ հասնելով 16%-ի 2012 թ. 1-ին կիսամյակում: Էական տարբերություն է ի հայտ եկել ԱՄՆ-ում՝ 1%-ից հասնելով 46%-ի: Մինչդեռ Ճապոնիայի (-53%) եւ Եվրոպայի (-4%) գործարարները, չնայած վերջին կիսամյակում գրանցած որոշ առաջընթացի, շարունակում են հոռետես մնալ:
Հետադարձ հայացք նետելով վերջին 12 ամիսների պատկերին՝ լավատեսության ակնհայտ անկում է նկատվում անցյալ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ, երբ, օրինակ G7-ում գործարարները 11 տոկոսով ավելի լավատես էին 2011 թ-ին, եւ միայն Ճապոնիայում եւ ԱՄՆ-ում է լավատեսության մակարդակն ավելի բարձր, քան 2011 թ-ին:
Գրանթ Թորնթոն Ինթերնեշնլի գործադիր տնօրեն Էդ Նասբաումն ասել է. «Ուրախալի է, որ վերջին երեք ամիսների ընթացքում շատ ընկերություններ ավելի լավատես են դարձել ապագայի նկատմամբ: Բայց, միեւնույն ժամանակ, համաշխարհային մակարդակում զարգացման հեռանկարները շարունակում են մշուշում մնալ: Անցյալ տարվա միեւնույն ժամանակահատվածի հետ համեմատության մեջ տեսնում ենք, թե ինչ դժվարին 12 ամիսներ ենք հաղթահարել եւ թե դեռ ինչքան անելիքներ կան առջեւում:»
G7-ի երկրներում նաեւ նկատելի է դառնում ներդրումների աճի վերաբերյալ սպասումները. գործարարների 6%-ն ակնկալում է ներդրումների աճ սարքավորումների, իսկ 3%-ը՝ նոր շինությունների մասով:
Էդ Նասբաումն ավելացրել է. «Ներդրումների մասին հնչեցրած կարծիքները նույնպես ոգեւորիչ են: Գիտենք, որ զարգացած շուկաներում որոշ ընկերություններ ճգնաժամի ընթացքում կուտակած կանխիկի մեծ ռեսուրսներ ունեն, եւ հուսով ենք, որ այս միջոցները կներդրվեն ի նպաստ աճի երկարաժամկետ ռազմավարության ապահովման:
Զարգացած երկրներում իրավիճակի բարելավման նշաններն ուղղակիորեն անդրադառնում են զարգացող երկրների վրա: BRIC, Մեքսիկայի եւ Թուրքիայի նման տնտեսությունները մեծ դեր են խաղում համաշխարհային աճի հեռանկարներում: Սակայն, համաշխարհային տնտեսության մեջ նրանց ինտեգրվելու խորացման հետ մեկտեղ ավելանում է նաեւ այն կախվածությունը, որ նրանք սկսում են ունենալ զարգացած երկրների տնտեսություններից:
Այս արդյունքներից ինձ համար ամենից կարեւորն այն է, որ թե՛ զարգացած, թե՛ զարգացող տնտեսությունները սկսել են շարժվել միեւնույն ուղղությամբ, եւ դա միայն դրական ազդեցություն է ունենալու համաշխարհային տնտեսության վերականգնման գործընթացի վրա»:





