Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է ապրիլի 5-7-ը Երևանում անցկացվող Մոսկվայի օրերի ընթացքում Երևանում գտնվող Մոսկվայի կառավարության նախարար Սերգեյ Չերյոմինի գլխավորած պաշտոնական պատվիրակության հետ: Ինչպես PanARMENIAN.Net-ին հայտնում են քաղաքապետարանի լրատվական ծառայությունից` կողմերը քննարկել են Երևանի և Մոսկվայի միջև գործընկերության 2012-2014թթ. ծրագրի որոշ դրույթներ: Նրանք պայմանավորվել այն վավերացնել Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի Մոսկվա կատարելիք պաշտոնական այցի ժամանակ։
Քաղաքապետը վստահեցրել է, որ Մոսկվայի հետ համագործակցությունը լինելու է շարունակական. «Վերջին տարիների ծրագրային համագործակցությունը ցույց տվեց, որ դրանք բավականին արդյունավետ են և զգալիորեն նպաստում են մեր հարաբերությունների զարգացմանն ու ամրապնդմանը»:
Սերգեյ Չերյոմինը քաղաքապետին է փոխանցել Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինի Տարոն Մարգարյանին Մոսկվա այցելելու պաշտոնական հրավերը: Սերգեյ Չերյոմինը նշել է, որ Երևանի հետ հարաբերությունները Մոսկվայի կառավարության արտաքին քաղաքականության առաջնահերթությունների թվում է. «Արդյունավետ գնահատելով անցած ժամանակահատվածում համատեղ իրականացված ծրագրերը և հաշվի առնելով, որ քաղաքային տնտեսության կառավարման տարբեր ոլորտներում Մոսկվան այսօր կիրառում է ժամանակակից տեխնոլոգիական նոր մոտեցումներ, մենք պատրաստ ենք համագործակցության շրջանակում Երևանի հետ կիսել մեր փորձը: Վստահ եմ, սա նոր լիցք կհաղորդի գործընկերային մեր հարաբերություններին»:





