AM
5 Ապրիլ 2012 - 15:35 AMT

ՀՀ գյուղնախարար. Գիտական միտքը մեր օժանդակությամբ պետք է վերածվի արտադրական պրոցեսի

Հայաստանի գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը այցելել է ՀՀ ագրարային համալսարան, որտեղ հանդիպել է ապագա գյուղատնտեսների և բուհի պրոֆեսորադասախոսական կազմի հետ: Հանդիպման ընթացքում նա նորից ընդգծել է, որ երիտասարդների հետ է կապում երկրի ապագան, հետևաբար հենց նրանց էլ նախորդ հանդիպմանը ներկայացրել է գյուղատնտեսության ոլորտում իրականացված ծրագրերի արդյունքներն ու առաջիկա անելիքները` ակնկալելով սերտ համագործակցություն ու անմիջական մասնակցություն ներկայացվող ծրագրերի իրականացմանը:

«Ես բարձր եմ գնահատում ձեր տրամադրվածությունը գյուղատնտեսության նախարարության հետ համագործակցելու հարցում և ակնկալում, որ օգտագործելով ձեր գիտական միտքը` կհասնենք որակական առաջընթացի: Ձեր օգնությամբ պետք է միջազգային փորձը ներդնենք մեր գյուղատնտեսության մեջ: Գիտական միտքը չպետք է մնա թղթի վրա, մեր օժանդակությամբ այն պետք է վերածվի արտադրական պրոցեսի»,- նկատել է Սերգո Կարապետյանը` գոհունակությամբ ներկայացնելով անցյալ տարվանից բուհի և գյուղատնտեսության նախարարության միջև ծավալված սերտ համագործակցության փաստը:

Ներկայացնելով գյուղատնտեսության ոլորտում նախորդ տարի ձեռք բերված դրական ցուցանիշները` նախարարը մատնանշել է նաև առաջիկա գերակայությունները` առանձնացնելով կոոպերացիաների ստեղծումն ու դրանց թվի ավելացումը, գյուղատնտեսական տեխնիկայի թարմացումն ու սննդամթերքի անվտանգության միջազգային չափորոշիչների սահմանումը:

Հանդիպման ավարտին նախարարը հորդորել է ուսանողներին նպատակային օգտագործել գիտելիքներ ձեռք բերելու ժամանակն ու հնարավորությունները: «Ապագան գիտելիքներինն է: Առանց հիմնարար գիտելիքների զարգացում չկա: Մեր գյուղատնտեսությունն այսօր ձեզանից նպատակային և գերազանց ուսում է պահանջում, որպեսզի վաղը այն վերածվի զարգացման ծրագրի ու առաջընթացի: Սիրեցեք ձեր ընտրած մասնագիտությունը»,- ասել է նա, հաղորդում է ՀՀ գյուղատնտեսության նախարարության մամլո ծառայությունը: