Իրանի Ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Հասան Ռոուհանին սատարել է Հայաստանի ձգտմանը` դառնալ «Հյուսիս-Հարավ» միջազգային տրանսպորտային միջանցքի ակտիվ մասնակիցը, որի նախաձեռնողներն են Ռուսաստանը, Իրանը եւ Հնդկաստանը: Թեհրանում գտնվող Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանի հետ հանդիպման ժամանակ նա նշել է, որ Հայաստանից Ռուսաստան տանող ավտոմայրուղու հետ կապված խնդիրների լուծումը «չափազանց կարեւոր նշանակություն կունենա»: «Պետք է ձգտել Հայաստան-Ռուսաստան ավտոմայրուղին դարձնել այդ միջազգային միջանցքի հիմնական ուղղությունը»,- ընդգծել է նա: «Իրանը, ունենալով շահավետ ռազմավարական դիրք եւ լայն տնտեսական եւ քաղաքական հնարավորություններ, պատրաստ է ընդլայնել բազմակողմ համագործակցությունը իր բոլոր հարեւանների հետ»,-նշել է Հ.Ռոուհանին, հաղորդում է «ԻՏԱՐ-ՏԱՍՍ» գործակալությունը:





