AM
12 Ապրիլ 2012 - 10:42 AMT

Սերգո Կարապետյան. Պետք է ավելացնել անասնապահական մթերքների արտադրությունը

Շարունակվում են ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանի աշխատանքային այցերը մարզեր:

Այսօր նախարարը Շիրակի մարզում էր: Մարզի քաղաքային և գյուղական համայնքների ղեկավարների, գյուղատնտեսական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ հանդիպմանը մասնակցում էին նաև մարզի փոխմարզպետներ Սեյրան Պետրոսյանը և Հարություն Արշակյանը:

Անդրադառնալով գյուղատնտեսության ոլորտում նախորդ տարի ձեռք բերված դրական ցուցանիշներին, նախարարը մատնանշել է նաև առաջիկա գերակայությունները, առանձնացնելով հատկապես գյուղական կոոպերատիվների ստեղծումը, գյուղատնտեսական տեխնիկայի թարմացումը, ցածր տոկոսադրույքով վարկերի և մատչելի գներով սերմերի, պարարտանյութի, դիզվառելիքի տրամադրումը գյուղացիներին:

Նշվեց, որ ընթացքի մեջ են անասնապահության ոլորտի զարգացմանն աջակցող ծրագրերը: Կարևորվեցին հատկապես արոտավայրերի և կերահանդակների բարելավմանն ուղղված, ինչպես նաև արհեստական սերմնավորման ծրագրերը, որոնց նպատակը անասնապահական մթերքների արտադրության ծավալների ավելացումն է:

Նախարարն այս անգամ նույնպես խոսեց գյուղատնտեսական արտադրանքի մթերման գործընթացի մասին, հավաստիացնելով, որ այս ոլորտում նախորդ տարի ձեռք բերված զգալի առաջընթացը շարունակական է լինելու, և բոլոր նախադրյալները կան գյուղացու աճեցրած ողջ բերքը այս տարի նույնպես խելամիտ գնով և ժամանակին իրացնելու համար:

Հանդիպման ավարտին նախարարը առանձնակի ուշադրություն հրավիրեց խորհրդատվական կառույցների` գյուղատնտեսության աջակցության մարզային կենտրոնների դերի բարձրացման վրա և նշեց, որ դրանք կարևոր և կապող օղակներ են ֆերմերների ու գյուղատնտեսության նախարարության միջև:

Օրվա երկրորդ կեսին նախարարը հանդիպեց նաև ՓԲ, ՊՓԲ ընկերությունների և անասնաբուժական մարզային ծառայության աշխատակիցների հետ, ծանոթացավ նրանց հիմնախնդիրներին, սպառիչ պատասխաններ տվեց բարձրացված բազմաթիվ հարցերին: