«Հանրապետություն» ընդդիմադիր կուսակցությունը մտադիր է դատական հայց ներկայացնել Հայաստանի իրավապահ մարմինների դեմ` կուսակցության գրասենյակի ավերմունքի եւ նրա առաջնորդների դեմ վերջերս իրականացվող ճնշումների կապակցությամբ: Այդ մասին հայտարարել է «Հանրապետություն» կուսակցության նախագահ Ալբերտ Բազեյանը: Իր գլխավորած կուսակցության շուրջ տեղի ունեցող վերջին իրադարձությունները Բազեյանը որակել է որպես «կուսակցության գործունեության հանդեպ ուժային ճնշման փորձ»: «Հակառակ այս ամենի, «Հանրապետություն» կուսակցությունը մտադիր է էլ ավելի ակտիվացնել իր ջանքերը Հայաստանում իշխանափոխության առումով»,- հայտարարել է Ա.Բազեյանը: Նշենք, որ կուսակցության վերջերս ձերբակալված ակտիվիստներից, վերջին տվյալներով, դեռեւս կալանքի տակ են գտնվում կուսակցության վարչության չորս անդամ` Արամազդ Զաքարյանը, Սուրեն Սուրենյանցը, Գեղամ Հարությունյանը եւ Վաղարշակ Հարությունյանը:





