AM
17 Ապրիլ 2012 - 08:37 AMT

Մայիսի 6-ին խախտման մասին ահազանգերին կարձագանքեն «Իրավական շտապ օգնության» մեքենաները

Խորհրդարանական ընտրություններին ընդառաջ «Քաղաքացիական հասարակության ինստիտուտ» ՀԿ–ն իրականացնում է «Ընտրություններ 2012» իրավական նախաձեռնությունը՝ պաշտպանելու մարդկանց իրավունքներն ընտրական գործընթացում։ ՀԿ-ից հայտնում են, որ ընտրական իրավունքի խախտումների հայտնաբերման և անվճար իրավական աջակցություն ցուցաբերելու նպատակով գործում է 080-080-804 թեժ գիծը։

Քվեարկության օրը՝ մայիսի 6-ին, խախտման մասին ահազանգերին կարձագանքեն «Իրավական շտապ օգնության» մեքենաները, որոնց կազմում կլինեն մեկական լրագրող, դիտորդ և փաստաբան: Թեժ գծի միջոցով ստացված ահազանգերի հիման վրա մեքենաները կմեկնեն դեպքի վայր՝ անհրաժեշտ իրավական խորհրդատվություն և օգնություն տրամադրելու նպատակով։

Ընտրությունների ընթացքում իրավական նախաձեռնությամբ «Քաղաքացիական հասարակության ինստիտուտը» հանդես է գալիս 2007թ. խորհրդարանական ընտրություններից սկսած՝ մի խումբ հասարակական կազմակերպությունների հետ համատեղ:

2008 թ. ՀՀ նախագահական ընտրությունների ընթացքում 080-080-804 թեժ գծին ստացվել է մոտ 700 ահազանգ, որից 475-ը գրանցվել է միայն քվեարկության օրը: 70 ահազանգի դեպքում շտապ օգնության մեքենաները մեկնել են դեպքի վայր, իսկ մնացած ահազանգերին նախաձեռնության իրավաբանները հեռախոսով խորհրդատվություն են տրամադրել:

Այս տարի «Ընտրություններ 2012» իրավական նախաձեռնությունում ներգրավված են 90-ից ավելի լրագրողներ, իրավաբաններ և դիտորդներ: Գործելու է 30 իրավական շտապ օգնության մեքենա. 7-ը շրջելու է Երևանում, իսկ մնացած 23–ը՝ Հայաստանի մարզերում։