Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը ապրիլի 25-ին կմեկնի Ֆրանսիա աշխատանքային այցով: Այդ մասին այսօր հաղորդել է ՀՀ նախագահի մամլո ծառայությունը: Ֆրանսիայի նախագահ Ժակ Շիրակի հետ Հայաստանի ղեկավարի բանակցությունների հիմնական թեմաներից մեկը կլինի ղարաբաղյան հակամարտության կարգավորումը, որին Ֆրանսիան ակտիվորեն մասնակցում է որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ: Դրա հետ մեկտեղ նախագահները կքննարկեն նաեւ երկկողմ հարաբերություններին վերաբերող հարցեր: Ապրիլի 25-ի երեկոյան Ռոբերտ Քոչարյանը տիկնոջ հետ ներկա կլինի Շառլ Ազնավուրի համերգին Փարիզի Կոնգրեսների պալատում` նվիրված աշխարհահռչակ արտիստի 80-ամյակին: Փարիզից ՀՀ նախագահի գլխավորած պատվիրակությունը ապրիլի 27-ին կմեկնի Լեհաստանի մայրաքաղաք Վարշավա համաշխարհային տնտեսական համաժողովին մասնակցելու նպատակով: Ռ. Քոչարյանը կմասնակցի Կովկասի թեմայով աշխատանքային նիստին եւ կհանդիպի համաժողովի գործադիր նախագահ Կլաուս Շվաբի հետ: Համաժողովի շրջանակներում կկայանան Ռ.Քոչարյանի հանդիպումները Լեհաստանի եւ Վրաստանի նախագահներ Ալեքսանդր Կվասնեվսկու եւ Միխաիլ Սահակաշվիլու հետ:





