Ապրիլի 21-ին Կանադայի խորհրդարանի կողմից Հայոց ցեղասպանության վերաբերյալ բանաձեւի ընդունման առնչությամբ Թուրքիայի ԱԳՆ-ն Կանադայի դեսպանին է հանձնել Անկարայի պաշտոնական բողոքը: Իր հերթին Անկարայում Կանադայի դեսպանատունը հանդես է եկել բավական ուշագրավ մի հայտարարությամբ` թուրքերին եւ հայերին խաղաղության կոչ անելով եւ պահանջելով Հայաստանի եւ Թուրքիայի կառավարություններից երկխոսություն սկսել Հայոց ցեղասպանության հարցի շուրջ: Ինչպես հաղորդում է «Ռոյթըր» գործակալությունը, Կանադայի դիվանագիտական ներկայացուցչությունը նաեւ կոչ է արել Երեւանին ու Անկարային համատեղ աշխատանք տանել տարածաշրջանում կայունության ամրապնդման ուղղությամբ: «Ֆրանսպրեսը» իր հերթին ուշադրություն է հրավիրում այն փաստին, որ Կանադայում իշխող Լիբերալ կուսակցության անդամները քվեարկել են տվյալ բանաձեւի հաստատման օգտին: Միաժամանակ չնայած Կանադայի ԱԳՆ կոշտ դիրքորոշմանը այդ հարցում, կառավարության ոչ բոլոր անդամներն են քվեարկել օրինագծի դեմ: Ընդ որում Կանադայի վարչապետ Փոլ Մարթենը եւ արդարադատության նախարար Իրվին Քոթլերը այդ պահին ընդհանրապես բացակայել են խորհրդարանից, ինչը գործակալությունը հակված է մեկնաբանել, որպես Հայոց ցեղասպանության ճանաչման դեմ քվեարկել չցանկանալու նշան: Վերջին շրջանում Կանադայի վարչապետի որդեգրած խորհրդարանի աշխատանքին չմիջամտելու քաղաքականությունը Անկարայի համար ոչ նպատավոր վիճակ ստեղծեց, նշում են թուրքական աղբյուրները, ընդգծելով, որ նախկինում հենց գործադիր իշխանությունն էր ակտիվորեն խոչընդոտում նման օրինագծի հաստատմանը:





