Հայաստանի կառավորող քաղաքական կոալիցիայի եւ ընդդիմության ներկայացուցիչների միջեւ բանակցությունները դադարեցվել են: Ինչպես այսօր լրագրողներին տեղեկացրել է «Արդարություն» ընդդիմադիր դաշինքի ներկայացուցիչ, պատգամավոր Վիկտոր Դալլաքյանը, ապրիլի 26-ին սկսված քաղաքական խորհրդատվությունների երկրորդ փուլից հետո, ընդդիմության ներկայացուցիչները հրաժարվել են հետագա երկխոսությունից: Ինչպես հայտարարել է Վ.Դալլաքյանը, դրան պատճառ է հանդիսացել այն, որ այսօրվա դրությամբ արդեն չի կատարվել ընդդիմության կողմից ներկայացված 10 պահանջներից 2-ը: Նրա խոսքերով` այսօր խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ քվեարկել է «Հանրահավաքների, երթերի ու ցույցերի անցկացման մասին» օրինագծի օգտին, որն ընդդիմությունը գտնում է ռեպրեսիվ: Բացի այդ, տեղեկացրել է պատգամավորը, կրկին փակվել են տարբեր շրջաններից Երեւան տանող ճանապարհներն` այսօր նախատեսված ընդդիմության հանրահավաքի կապակցությամբ: «Ստեղծված իրավիճակում, երբ կոալիցիան չի ցուցաբերում բարի կամք, ընդդիմությունը այժմ չի տեսնում իշխանությունների հետ երկխոսությունը շարունակելու հնաարավորություն»,- հայտարարել է Վ.Դալլաքյանը: Նշենք, որ այսօր 16:30-ին Երեւանի «Ազատության» հրապարակում սկսվել է միավորված ընդդիմության հերթական հանրահավաքը` գործող իշխանությունների հրաժարականի պահանջով:





