Հայաստանում տիրող իրավիճակի քննարկումը Եվրոպայի Խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) նիստում կոչված է նպաստելու քաղաքական երկխոության հաստատմանը այդ երկրում: Նման կարծիք է այսօր Սթրասբուրգում հայտնել Եվրախորհրդի գլխավոր քարտուղար Վալտեր Շվիմերը: Նրա խոսքերով, վերջին պահին ԵԽԽՎ նստաշրջանի օրակարգ մտած այդ քննարկումների հիմնական նպատակն է` «օգնել իրավիճակի կայունացմանը Հայաստանում, համոզվել, որ այդ երկրում պահպանվում են ժողովրդավարական սկզբունքները եւ արժեքները եւ նպաստել երկխոսության հաստատմանը իշխանությունների եւ ընդդիմության միջեւ»: «Առաջացած քաղաքական ճգնաժամը կարող է կարգավորվել միայն երկխոսության ճանապարհով»,- ընդգծել է ԵԽ գլխավոր քարտուղարը: Նա նաեւ հաղորդել է, որ պատրաստ է Երեւանում իր ներկայացուցչի ծառայություններն առաջարկել իշխանությունների եւ ընդդիմության միջեւ գործնական երկխոություն հաստատելու համար, օրինակ «կլոր սեղանի» ձեւաչափով:





