AM
30 Ապրիլ 2004 - 15:00 AMT

ՀԱՅԱՍՏԱՆԸ ՀԱԿԱԱՀԱԲԵԿՉԱԿԱՆ ԿՈԱԼԻՑԻԱՅԻ ԼԻԱՐԺԵՔ ԵՎ ԱԿՏԻՎ ԱՆԴԱՄ Է, ԳՏՆՈՒՄ Է ՎԱՇԻՆԳԹՈՆԸ

2003 թվականին Հայաստանը գլոբալ հակաահաբեկչական կոալիցիայի լիարժեք եւ ակտիվ անդամ էր հանդիսանում եւ ներկայումս ամրապնդում է իր օրենսդրությունը տվյալ ոլորտում: Այս մասին ասվում է ԱՄՆ Պետդեպարտամենտի կողմից հրապարակված «Գլոբալ ահաբեկչության կառույցները 2003» ամենամյա զեկույցում: «Հայաստանի պաշտոնական անձիք` նախագահին ներառյալ, բազմիցս հանդես են եկել ահաբեկչությունը դատապարտող եւ ԱՄՆ-ին եւ հակաահաբեկչական գլոբալ կոալիցիային աջակցող հայտարարություններով: Հայաստանը չի աջակցում միջազգային ահաբեկչությանը կամ որեւէ միջազգային ահաբեկչական խմբավորման եւ ահաբեկչությունը հովանավորող երկրներին սատարող հայտարարություններ չի արել»,- ասվում է զեկույցում: ԱՄՆ Պետդեպարտամենտի տվյալներով` Հայաստանը դիվանագիտական եւ տնտեսական հարաբերություններ է պահպանում միայն երկու երկրների հետ, որոնց ԱՄՆ ընդգրկել են ահաբեկչությունը հովանավորող երկրների ցուցակում` դրանք են Իրանը եւ Սիրիան, որտեղ շատ հայեր են բնակվում: «Հայաստանը շատ զգույշ էր Իրաքում պատերազմի վերաբերյալ հրապարակային հայտարարություններ անելիս` հիմնականում այն պատճառով, որ այդ երկրում մեծ թվով հայեր են բնակվում, սակայն այդ ժամանակվանից կամավոր տրամադրում է զինվորական ստորաբաժանումներ հետպատերազմյան վերակառուցման համար: Կառավարությունը նաեւ առաջարկել է գործուղել ինժեներական զորքերի ներկայացուցիչներին եւ ռազմական բժիշկներին` Իրաքում կայունությունն ապահովող գործողություններին մասնակցելու համար», – նշվում է փաստաթղթում: