Քիչ հավանական է, որ Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների բանակցությունները որեւէ էական առաջընթացի կհանգեցնեն ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում: Նման կարծիք է հայտնել ԵԱՀԿ Մինսկի կոնֆերանսի Ռուսաստանի համանախագահ, դեսպան Վլադիմիր Կազիմիրովը ռուսաստանյան «Նեզավիսիմայա գազետա» թերթին տված հարցազրույցում: Նրա խոսքերով` չի կարելի բանակցային գործընթացը սահմանաափակել միայն նախագահներով, «չէ՞ որ նրանք կարող են հանդիպել տարին առավելագույնս երեք-չորս անգամ. անհրաժեշտ են պատասխանատու լիազոր պատվիրակությունների պարբերական բանակցություններ»: Միեւնույն ժամանակ դեսպանը հույս է հայտնել, որ Ռոբերտ Քոչարյանի եւ Իլհամ Ալիեւի Վարշավայում վերջերս կայացած հանդիպումից հետո Հայաստանը եւ Ադրբեջանը «գոնե ավելի ճկուն դիրքորոշում կզբաղեցնեն»: Նրա խոսքերով` այժմ խիստ կարեւոր է, որպեսզի Ադրբեջանը հրաժարվի ուժային ռեւանշի սպառնալիքից եւ վերադառնա բանակցություններին այն կետից, որտեղ կողմերը կանգ են առել Հեյդար Ալիեւի օրոք, իսկ Հայաստանը` հրաժարվի փաթեթային կարգավորման պահանջից:





