Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը դրական է գնահատում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ ապրիլի 28-ին Վարշավայում կայացած հանդիպումը: Այդ մասին այսօր Երեւանում լրագրողներին է հայտարարել Հայաստանի արտաքին գործերի նախարար Վարդան Օսկանյանը: Նրա խոսքերով` այդ հանդիպումը կարող է հիմք ծառայել ղարաբաղյան հակամարտության կարգավորման առնչությամբ հետագա բանակցությունների ընթացքում կողմերի միջեւ ընդհանուր եզրեր գտնելու համար: Ինչպես նշել է նախարարը, երկու երկրների նախագահների հանդիպումը Վարշավայում իր բովանդակալիությամբ հիմնովին տարբերվում էր նախորդ տարվա դեկտեմբերին Ժնեւում կայացած հանդիպումից, որը ճանաչողական բնույթ էր կրում: Նա նաեւ հայտնել, որ Ռ.Քոչարյանի եւ Ի.Ալիեւի հաջորդ հանդիպումը կկայանա առաջիկա միջազգային համաժողովներից մեկի շրջանակներում:





