AM
5 Մայիս 2004 - 17:27 AMT

ՄԱԿ-Ի ՓՈՐՁԱԳԵՏԸ ՄԵՂԱԴՐԵԼ Է ԱԴՐԲԵՋԱՆԻ ԶԼՄ-ՆԵՐԸ ԱՆԲԱՐԵԽՂՃՈՒԹՅԱՆ ՄԵՋ

ՄԱԿ-ի թմրադեղերի եւ հանցավորության դեմ պայքարի դիտորդական առաքելության ղեկավար Բրայան Թեյլորը հերքեց արդբեջանական «Թրենդ» գործակալության տարածած տեղեկատվությունը, որի համաձայն ինքը, իբր Բաքվում հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղում թմրանյութեր պարունակող բույսեր են մշակվում: «Լեռնային Ղարաբաղի առնչությամբ ես ոչ մի մեկնաբանություն չեմ արել: Սա ոչ թե քաղաքական, այլ տեխնիկական առաքելություն է»,- հայտարարել է լրագրողներին տարածաշրջանային այցի շրջանակներում Երեւանում գտնվող Բ.Թեյլորը: Նշենք, որ հայկական աղբյուրների համաձայն, ՄԱԿ-ի առաքելությունը պատրաստ էր այցի շրջանակներում այցելել նաեւ Լեռնային Ղարաբաղ: Սակայն Բաքուն պահանջել է Ստեփանակերտ մեկնել Ադրբեջանի տարածքով եւ խմբում ընդգրկել ադրբեջանցի փորձագետների: Այս պայմանները ղարաբաղյան կողմի համար անընդունելի են եղել, ինչի հետեւանքով ՄԱԿ-ի փորձագետները որոշել են այցելությունը Ղարաբաղ հետաձգել անորոշ ժամկետով: