Հայ առաքելական եկեղեցին պետք է Հայոց ցեղասպանության 1,5 մլն զոհերին ճանաչի որպես սուրբ նահատակներ: Այդ մասին հայտարարել է Սևծովյան-Կասպից տարածաշրջանի քաղաքական և սոցիալական հետազոտությունների ինստիտուտի տնօրեն Վլադիմիր Զախարովը «Ժամանակը չի ջնջում հիշողությունը…» թեմայով Երևան-Մոսկվա հեռուստակամրջի ժամանակ: Նա հիշեցրել է, որ Ցեղասպանության ժամանակ հայերին հնարավորություն է տրվել փրկվել իսլամ ընդունելու միջոցով, սակայն նրանք հրաժարվել են դրանից, ինչպես հնում դա անում էին քրիստոնյա նահատակները: «Այդ մարդիկ զոհվել են հանուն Քրիստոսի, հանուն հավատի»,-ասել է Զախարովը:
Այդ առումով նա համեմատել է Ցեղասպանության զոհերին 40 սեբաստացի նահատակների հետ, ծագումով հայերի, ովքեր մահ են ընդունել՝ չհրաժարվելով քրիստոնեությունից (320թ. Սեբաստիա հայկական քաղաքում):
Իր հերթին ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանը, համաձայնվելով, որ կրոնի գործոնը Ցեղասպանության ժամանակ որոշիչ դեր է խաղացել, հիշեցրել է այն օգնության մասին, որը ցուցաբերել են հայ ժողովրդին այլ մահմեդական ժողովուրդները, մասնավորապես արաբները:





