Հայ գրատպության հինգհարյուրամյակի և Երևանը ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից գրքի համաշխարհային մայրաքաղաք հռչակելու միջոցառումների շրջանակում ԱՄՆ Կոնգրեսի գրադարանում բացվել է «Ճանաչել զիմաստություն և զխրատ՝ հայկական գրականության ավանդույթը Կոնգրեսի գրադարանում» խորագրով ցուցահանդեսը: Ցուցահանդեսը կգործի մինչև սեպտեմբերի 26-ը: Այն ներկայացնելու է Կոնգրեսի գրադարանի պահոցում առկա հայ մատենագրության և գրատպության վաղ ու ժամանակակից շրջանի նմուշներ:
ԱԳՆ-ից հայտնում են, որ բացման արարողությանը ներկա էին ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Թաթուլ Մարգարյանը, ՀՀ մշակույթի փոխնախարար Արթուր Պողոսյանը, ԱՄՆ կոնգրեսի ներկայացուցիչ Ֆրենք Փըլլոնը, ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալներ Էրիկ Ռուբինը, Մարի Յովանովիչը, Սպիտակ Տան, Պետքարտուղարության, ինչպես նաև ԱՄՆ վարչակազմի այլ օղակների ներկայացուցիչներ, ՀՀ-ում ԱՄՆ նախկին դեսպան Ջոն Էվանսը, Կոնգրեսի գրադարանի տնօրենը, հայ առաքելական եկեղեցու հոգևոր հայրեր, համայնքային կազմակերպությունների ղեկավարներ և հայ համայնքի ներկայացուցիչներ:
ԱՄՆ-ի Կոնգրեսի գրադարանի Հայաստանի և Վրաստանի գծով մասնագետ և ցուցահանդեսի համակարգող Լևոն Ավդոյանի հեղինակությամբ Կոնգրեսի գրադարանը հրատարակել է նաև «Ճանաչել զիմաստություն և զխրատ՝ Կոնգրեսի գրադարանում հայկական գրականության ավանդույթի դիտողական հետազոտություն» կատալոգը:





