Իրավաբանների և հոգեբանների միջազգային ասոցիացիայի Հայաստանի, Ռուսաստանի, Վրաստանի, Իսրայելի մասնաճյուղերի ներկայացուցչությունները խստիվ դատապարտում են 1915 թվականի Հայոց ցեղասպանությունը՝ գերտերություններին սթափության և զգոնության կոչ անելով, խաղալիք չդառնալ մեծ քաղաքականության խաղերին և դատապարտել համայն մարդկության դեմ գործած ոճիրը, որը կոչվում է ցեղասպանություն:
«Կան աղետներ, որ չեն մոռացվում և որքան հնանում, այնքան դառնանում են: Հրեշավոր ոճիրը, որին ճարակ եղավ հայ ազգը, անօրինական է՝ մարդկության տարերգության մեջ և՛ տեսակով, և՛ ծավալով: Ապրել դարեր շարունակ լավագույն օրերի հույսով, ապրել սոսկալի զոհողությամբ՝ հլության շղթաները կրծելով, բախտի ոտքերի տակ քարշ գալով, ելնել ժամանակի խորխորատներից, գալ, հասնել 20-րդ դար և նրա գրկում, նրա լույսի տակ, մորթվել, բնաջինջ լինել՝ ի տես համայն աշխարհի: Մի երևույթ, որի հետ չի կարելի հաշտվել և համակերպվել երբեք:
1915 թվականը անջինջ կմնա մարդկության հիշողության մեջ՝ որպես Օսմանյան Թուրքիայի կողմից հայ ժողովրդի նկատմամբ կատարված ցեղասպանության տարի: Պատմության զոհասեղանին այս անգամ հայ ազգի գոյության հարցն էր դրված: Ո՞րն է այն դասը՝ պատմական դասը, որ մենք պարտավոր էինք քաղել մեր հոգեկան կերտվածքի ցայտուն արտահայտություն հանդիսացող պատմությունից և, հատկապես, 1915 թվականի Հայոց ցեղասպանությունից: Ցեղասպանությունը ծանրագույն հանցագործություն է մարդկության դեմ: Հետևապես, նրա հանցավորների վրա չի կարող տարածվել վաղեմության իրավունք»,- նշված է ԻՀՄԱ ներկայացուցչությունների տարածած հայտարարության մեջ:





