Հայաստանի ԱԳՆ-ում հերքել են Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի այն հայտարարությունը, թե մայիսի 12-13-ը Սթրասբուրգում Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների հանդիպմանը կքննարկվի «Ադրբեջանի օկուպացված 7 շրջանների ազատման եւ ի պատասխան` Հայաստանի հետ տրանսպորտային հաղորդակցությունների բացման» հարցը: Ինչպես «Արմինֆո» գործակալությանը հայտարարել է Հայաստանի ԱԳՆ մամլո քարտուղար Համլետ Գասպարյանը, բանակցությունների որեւէ հստակ, արձանագրված օրակարգ չկա: «Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարի տվյալ հայտարարությունը կամ թյուրիմացության արդյունք է, կամ էլ այն տարածվում է դիտավորյալ կերպով»,- ասել է նա: Մամուլի խոսնակը նշել է նաեւ, որ չնայած Բաքվի հայատարարություններին, Սթրասբուրգում բանակցությունների ընթացքում Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների ղարաբաղյան կարգավորման հարցերով անձնական ներկայացուցիչների հանդիպում չի նախատեսվում:





