AM
25 Ապրիլ 2012 - 12:05 AMT

Դեսպան. Հայ-իրանական ռազմավարական հարաբերությունները բխում են երկու երկրների ղեկավարների քաղաքական կամքից

Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է Հայաստանում Իրանի արտակարգ և լիազոր դեսպան Սեյեդ Ալի Սաղայիանին, ով ավարտում է իր դիվանագիտական առաքելությունը մեր երկրում:

«Այս տարիների ընթացքում մեր համագործակցությունը գնահատում եմ շատ արդյունավետ: Մեր բարեկամ Իրանի Իսլամական Հանրապետության հետ իրականացվում և նախագծվում են բազմաթիվ ծրագրեր, որոնց աշխատանքներում մեծ է նաև Ձեր անձնական ներդրումը»,- ասել է վարչապետը` շնորհակալություն հայտնելով դեսպանին երկու երկրների ժողովուրդների միջև հարաբերությունների սերտացմանը և կապերի ամրապնդմանը նպաստելու համար:

Սեյեդ Ալի Սաղայիանը նշել է, որ հայ-իրանական ռազմավարական հարաբերությունները բխում են երկու երկրների ղեկավարների քաղաքական կամքից, որը նպաստել է նաև տարածաշրջանային կայունության և խաղաղության ամրապնդմանը:

Գոհունակություն հայտնելով երկկողմ առևտրատնտեսական կապերի սերտացման և զարգացման ընթացքից` արձանագրվել է, որ 2007-2011 թվականների ընթացքում երկու երկրների միջև առևտրաշրջանառությունը 180 մլն դոլարից հասել է 323 մլն դոլարի:

«Պետք է ջանանք, որպեսզի մեր նախանշած բոլոր նախագծերն իրականացվեն: Այդ առումով կարևորում եմ Իրան-Հայաստան գազամուղի շահագործումը, նավթամթերքներ տեղափոխող խողովակաշարի կառուցման վերաբերյալ պայմանավորվածությունը, միջմարզային համագործակցությունը, երրորդ բարձրավոլտ էլեկտրահաղորդիչ գծի շինարարության մեկնարկը»,- ասել է դեսպանը:

Տիգրան Սարգսյանը դեսպանին մաղթել է հաջողություններ իր հետագա գործունեության մեջ: