ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Քոնդոլիզա Ռայսը մայիսի 15-ին Մոսկվա կատարելիք իր այցի ընթացքում կքննարկի Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հեռանկարները: Այդ մասին Ռայսը հայտարարել է Վաշինգտոնում` մոսկովյան այցի նախաշեմին կազմակերպված ճեպազրույցում: «Ռուսաստանի հետ համատեղ մենք աշխատում ենք կարգավորել կոնֆլիկտային իրավիճակների մի ամբողջ շարք: Կարծում եմ, բոլորս որոշ չափով հիասթափված ենք, որ Լեռնային Ղարաբաղի դեպքում դա մեզ դեռեւս չի հաջողվել: Մենք կցանկանայինք, որպեսզի Ադրբեջանի եւ Հայաստանի կառավարությունները նորից լրջորեն սկսեն զբաղվել Լեռնային Ղարաբաղի խնդրով», – ասել է խորհրդականը: Ռայսի խոսքերով, այս հակամարտությունը, որը «բացասաբար է ազդում Հայաստանի եւ Ադրբեջանի վրա` տնտեսական եւ քաղաքական զարգացման առումով, «չափազանց ձգձգվել է»:





