AM
17 Մայիս 2004 - 14:50 AMT

ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆ. ՀԱՅԱՍՏԱՆԸ ՀԱՆԳԻՍՏ Է ՎԵՐԱԲԵՐՎՈՒՄ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՌԱԶՄԱՏԵՆՉ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ

Հայաստանը հանգիստ է վերաբերվում Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը ռազմական ճանապարհով լուծելու մասին պաշտոնական Բաքվի հայտարարություններին: Այդ մասին հայտարարել է Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը` ռուսական «Զեռկալո» հեռուստահաղորդմանը տված հարցազրույցում մեկնաբանելով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի Նախիջեւանում արված հայտարարությունը այն մասին, որ եթե հակամարտության կարգավորման գծով առաջիկա դիվանագիտական ջանքերը ապարդյուն անցնեն, «Ադրբեջանը պատրաստ է ձեռնարկել այլ միջոցներ»: Ռ.Քոչարյանի խոսքերով, նման հայտարարություններ հնչում են 1994 թվականի մայիսից ի վեր, այսինքն` հրադադարի կնքման պահից սկսած: Դրանք հնչում էին նաեւ Ադրբեջանի նախորդ նախագահ Հեյդար Ալիեւի օրոք: Հայաստանը պատրաստ է խնդիրը լուծել դիվանագիտական ճանապարհով, ակտիվորեն մասնակցելով բանակցային գործընթացին, սակայն եթե Ադրբեջանը փորձի խնդիրը լուծել այլ ճանապարհով, մենք պատրաստ ենք համարժեք պատասխան տալ, ասել է ՀՀ նախագահը: Ռ.Քոչարյանի կարծիքով, նման հայտարարությունները պետք է դիտել մի քանի տեսանկյունից. այստեղ առկա է նաեւ հանրայնության հարցը: Անդրադառնալով բարձր մակարդակի բանակցությունների թեմային` Հայաստանի ղեկավարը նշել է իր «դրական տպավորությունը» Իլհամ Ալիեւի հետ ունեցած երկու հանդիպումներից` ընդգծելով, որ Վարշավայում կայացած վերջին հանդիպման ժամանակ զգացվում էր կարգավորման նպատակաուղղվածություն եւ ցանկություն: «Այդ համատեքստում ռազմատենչ հայտարարությունները ոչ մի կերպ չեն կարող նպաստել կարգավորմանը, քանի որ հարուցում են մյուս հակամարտող կողմերի հակազդեցությունը: Ուստի քաղաքական գործիչները` երկրների ղեկավարները, չպետք է հանդես գան այնպիսի հայտարարություններով, որոնց պատանդը կարելի է դառնալ հետագայում», – նշել է Հայաստանի նախագահը: