Մայիսի 17-ին Ստրասբուրգում տեղի ունեցավ Հայաստանի, Վրաստանի եւ Ադրբեջանի խորհրդարանների խոսնակների հանդիպումը, որին մասնակցում էր նաեւ ԵԽԽՎ նախագահ Պիտեր Շիդերը: Ինչպես տեղեկացրել են Հայաստանի Ազգային ժողովի մամուլի ծառայությունում, հանդիպման ընթացքում Արթուր Բաղդասարյանը, Մուրթազ Ալեսքերովը եւ Նինո Բուրջանաձեն քննարկել են Կովկասյան կայունության պակտի ստորագրմանը, Հարավկովկասյան երկրների խորհրդարանական ասամբլեայի ստեղծմանը, տարածաշրջանային երկխոսությանն առնչվող հարցեր: Կողմերը քննարկել են նաեւ եվրաինտեգրման, տարածաշրջանային համագործակցության խորացման, կոնֆլիկտները քաղաքական երկխոսության միջոցով կարգավորելու հարցերը: Պայմանավորվածություն է ձեռք բերվել համատեղ աշխատել Կովկասյան կայունության պակտի մշակման շուրջ եւ ակտիվացնել խորհրդարանական շփումները: Այսօր` մայիսի 18-ին, աշխատանքները կսկսի ԵԽԽՎ խորհրդարանների նախագահների վեհաժողովը: Համաժողովի շրջանակներում ՀՀ ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանը կանցկացնի մի շարք երկկողմ հանդիպումներ:





