Ապրիլի 8-ին Բաքու փախած երկու հայերը` Ռոման Թարյանը եւ Արթուր Ապրեսյանը հացադուլ են հայտարարել Ադրբեջանի ազգային անվտանգության նախարարության մեկուսարանում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է Բաքվի «Զերկալո» թերթը, նրանք հայտարարել են մեկուսարանում կազմակերպված մամուլի ասուլիսում: Աղբյուրի համաձայն` իրենց ակցիայով Թարյանն ու Ապրեսյանը բողոքում են «ՄԱԿ-ի փախստականների գործերի գերագույն հանձնակատարի Բաքվի ներկայացուցչության կողմից իրենց ճակատագրի անտեսման դեմ, որն ոչ մի կերպ չի աջակցում երրորդ երկրներ նրանց տեղափոխման հարցի լուծմանը»: Այն հարցին, թե ինչու նրանք իրենց ակցիան չեն իրականցրել ՄԱԿ-ի գերագույն հանձնակատարի ներկայացուցչության առջեւ, ինչպես ավելի վաղ հայտարարել էին, փախստակները պատասխանել են, որ ոչ ոք իրենց չի տրամադրել դրա համար անհրաժեշտ վրան` ոչ ազգային անվտանգության նախարարությունը, ոչ Կարմիր խաչը:





