Կիպրոս կատարած իր այցի ընթացքում Հայաստանի ԱԳՆ ղեկավար Վարդան Օսկանյանը Նիկոսիայի քաղաքապետ Միխալակիս Զամպելասի հետ քննարկել է հայկական Մելքոնյան վարժարանի շուրջ ստեղծված վիճակը: Մ.Զամպելասը իր մտահոգությունն է հայտնել այդ հնագույն կրթական հաստատության հնարավոր փակման կապակցությամբ եւ խոստացել է անել առավելագույնը դրանից խուսափելու համար: Քաղաքապետը հայտնել է, որ մտադիր է դիմել Կիպրոսի կառավարությանը վարժարանը պատմական հուշարձան հայտարարելու առաջարկով: Հիշեցնենք, որ Հայ Ընդհանուր բարեգործական միության վարչության որոշմամբ Մելքոնյան վարժարանը կդադարեցնի իր գործունեությունը 2005 թվականի հունիսին:





